Բացօթյա ապօրինի առևտուր անողներին այսուհետև ոչ միայն կտուգանեն, այլ նաև գույքը կբռնագրավեն

Yerevan.Today-ը գրում է․ «Կառավարությունը նոր օրենսդրական նախաձեռնությամբ որոշել է կարգավորել բացօթյա առևտրի ոլորտը:  

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի վաճառքը կարող է իրականացվել համապատասխան վայրերում՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը ծանուցելու և այլ պահանջների պահպանման դեպքում։ Միևնույն ժամանակ, Օրենքով նախատեսվում է նաև, որ բացօթյա առևտրի առարկա կարող են լինել միայն ծաղիկները, տնկիները, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիները և սոճիները, պաղպաղակը, ջուրը, այդ թվում` հանքային, հյութերը և զովացուցիչ ըմպելիքները։

Չնայած վերոնշյալ իրավակարգավորումներին՝ համայնքներում և գլխավորապես Երևան համայնքում մշտապես իրականցվում է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի բացօթյա առևտուր դրա համար չնախատեսված վայրերում և օրենսդրությամբ ամրագրված պահանջների խախտմամբ։

Հարկ է արձանագրել, որ վերը նկարագրված առևտրի իրականացման դեպքերը շարունակական բնույթ են կրում՝ չնայած տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տուգանքի ձևով վարչական տույժի կիրառման բազմակի դեպքերի, և վերջինս արդյունավետ միջոց չի ծառայում համապատասխան զանցանքների կանխարգելման համար։

Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաև կիրառել լրացուցիչ վարչական տույժ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով, ինչի հնարավորությունն ուղղակիորեն սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24-րդ հոդվածով, որի համաձայն․ «Տուգանային միավորը, առարկաները հատուցմամբ վերցնելը և բռնագրավումը կարող են կիրառվել ինչպես իբրև հիմնական, այնպես էլ իբրև լրացուցիչ վարչական տույժեր. սույն օրենսգրքի 23 հոդվածի առաջին մասում թվարկված մյուս վարչական տույժերը կարող են կիրառվել միայն որպես հիմնական տույժեր: Մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ:»։

Առաջարկվող նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ակնկալվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված զանցակազմը պարունակող արարքների կտրուկ նվազում։

Նախագծի հեղինակներն են Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.5-րդ կետի 3-րդ ենթակետից, այն է՝ «Կառավարության ուշադրությունը կենտրոնացած է լինելու բնակչության առողջության պահպանման ու բարելավման նպատակով իրականացվող կանխարգելիչ միջոցառումների իրագործմանը, ռիսկի գործոնների ազդեցության կանխարգելմանը, ինչպես նաև առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով` գործող»»։