Ճանապարհ գնալուց առաջ մեր մտքերն Աստծո հետ են։ Մեր աղոթքներում խնդրում ենք, որ Աստված միշտ հաջողություն պարգևի մեր գործերին, որ անվնաս հասնենք մեր ցանկացած վայրերը, որ կարողանանք հաջողություն ստանալ մեր գործերի համար։ Այդպես Աստված իր օրհնությունն է փոխանցում մեզ՝ հաջողություն տալով մեր գործերին, որոնք ձեռնարկել ենք։

Եկե՛ք կարդանք այս աղոթքն ամեն անգամ, երբ ճանապարհ ենք գնում, երբ սկսում ենք մի նոր գործ, որում ճանապարհ ենք անցնելու։

Ճանապարհի համար աղոթք

Առաջնորդ կյանքի և ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եգիպտոս,  իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր,  Մովսեսին` Սինա լեռը և ժողովրդին` ավետյաց երկիրը, կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Էմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ և մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երևելի ու աներևույթ թշնամիներից և խաղաղությամբ առաջնորդիր այնտեղ, ուր գնում ենք, քանի որ դու ես Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը, և քեզ վայել է փառք ու երկրպագություն, իշխանություն և պատիվ այժմ և միշտ հավիտյանս հավիտենից. ամեն: