Հունգարիան չի կարող հավանություն տալ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների ութերորդ փաթեթին

Հունգարիան չի կարող հավանություն տալ ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների ութերորդ փաթեթին, եթե այն ներառի էներգետիկ պատժամիջոցներ, ասել է երկրի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գուլյաշը։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը։

Եվրահանձնաժողովն առաջարկել է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, ներառյալ առեւտրային սահմանափակումների խստացումը, ավելի մեծ թվով մարդկանց սեւ ցուցակներ տեղափոխելը եւ նավթի գների սահմանափակումը երրորդ երկրների համար։

Բայց ԵՄ պետությունները պետք է միասնական լինեն պատժամիջոցներ մտցնելու համար։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ է հանդես եկել պատժամիջոցներին՝ ասելով, որ դրանք «հակառակ արդյունք» են տվել՝ բարձրացնելով էներգակիրների գները եւ հարված հասցնելով եվրոպական տնտեսությանը։

«Հունգարիան արդեն շատ բան է արել եվրոպական միասնության պահպանման համար, բայց եթե փաթեթում ներառվեն էներգետիկ պատժամիջոցներ, ապա մենք հավանություն չենք տա դրանց»,- ճեպազրույցում ասել է Գերգեյ Գուլյաշը։ «Մենք սպասում ենք պատժամիջոցների վերջնական, լրիվ ցուցակին, եւ այդ ժամանակ կկարողանանք պայմանավորվել դրա մասին։ Հունգարիան չի կարող հավանություն տալ էներգետիկ պատժամիջոցներին»։

Հունգարիայի կառավարությունը բանակցություններ է վարում նաեւ Եվրոպական հանձնաժողովի հետ, որպեսզի միլիարդավոր եվրոներ ստանա ԵՄ-ի հիմնադրամներից, որոնք արգելափակված են օրենքի գերակայության վերաբերյալ տարաձայնությունների պատճառով։ Գուլյաշն ասել է, որ սպասում է գործարքների ստորագրմանը, քանի որ Բուդապեշտը պատրաստ է կատարել Եվրահանձնաժողովի առջեւ ստանձնած իր պարտավորությունները։