Հայկական լոլիկ ուտելը շուտով թանկ հաճույք կդառնա. թանկ գազի հնարավոր հետևանքները

Գեղանիստ գյուղում գործող ջերմոցային տնտեսության սեփականատեր Հրաչյա Բաբախանյանն արդեն հաշվարկել է` եթե գազի գինն ավելանա ևս 30-35 դրամով, ջերմոցային տնտեսությունները կմնան առանց շահույթի։

lolik

«Ջերմոցներում աճեցված 1 կգ պոմիդորի ինքնարժեքը գազի գործող գներով 400-500 դրամ է։ Դրա 70-80 տոկոսը միայն գազի գինն է։ Եթե այն ևս 30-35 տոկոսով ավելանա, մեր շահույթը կհավասարվի զրոյի»,–ասաց տնտեսվարողը։

Նշենք, որ այսօր ջերմատներն ու ջերմոցները գազի 1 խմ–ի դիմաց 107-110 դրամ են վճարում` կախված տվյալ պահին ՀՀ–ում սահմանված դոլարի փոխարժեքից։ Բանն այն է, որ դեռ 2016թ–ից, ջերմոցային տնտեսությունների զարգացման նպատակով կառավարությունը որոշել էր որոշակի չափով սուբսիդավորվել գյուղատնտեսական բիզնեսի ծախսած գազի գինը։

Բայց եթե գազը ջերմոցների համար թանկանա մինչև 140 դրամ, ապա տեղական լոլիկի ինքնարժեքը կարող է 700 դրամի հասնել։

tomatoes

Արարատի մարզի Ղուկասավան գյուղում գտնվող ջերմոցային տնտեսության սեփականատեր Կարեն Համբարչյանն էլ նշեց, որ եթե գազի գինը բարձրանա ապրիլից, այս տարվա բերքի գնի վրա այն դեռ չի ազդի, քանի որ մինչ այդ ջեռուցման սեզոնն ավարտված կլինի։ Թանկացման հետևանքները ջերմատներում կզգան արդեն հաջորդ տարի, երբ ստիպված կլինեն որոշել` ցանել լոլիկ, թե չցանել։

«Մյուս տարի արդեն ես կմտածեմ` դնե՞մ ձմեռը պոմիդոր, թե՞ չդնեմ, թե՞ դնեմ գարնանը, որ ավելի քիչ գազ ծախսեմ կամ ոչ թե պոմիդոր–վարունգ դնեմ, այլ ուրիշ բան, օրինակ` հապալաս, որը պահանջում է +5-ից +7 աստիճան, որ քիչ գազի ծախսով, բայց նաև քիչ եկամուտով աշխատեմ։ Որովհետև ջերմոցը կա, հո չե՞ս քանդելու։ Ստիպված պետք է մտածես` ինչ անես»,–ասաց Համբարչյանը։