Փարավոնների երկրի հայազգի «փարավոնը». նրան ճանաչելը պարտադիր է

«Կյանքս նվիրեցի Եգիպտոսին, բայց օտար երկրի մեջ իմ գործունեությունը երբեք ինձ չմոռացրեց, որ հայ եմ: Ընդամենը երկու-երեք բան եմ արել ցեղիս համար, բայց դրանք իմ կյանքի ամենակարեւոր գործերն են…»:

nubar

Մեր ժողովուրդը տաղանդավոր զավակների պակաս երբեւէ չի ունեցել՝ անկախ փշրված ադամանդ հիշեցնող իր ճակատագրից: Թերեւս չգտնենք մի բնագավառ, որտեղ ցոլացած չլինի հայոց անմեռ գենի հանճարը: Եվ չգտնենք այնպիսի երկիր՝ առանց համբավավոր ու պատվաբեր հայկական հետքի: Լինի գիտություն թե արվեստ, տիեզերական ոլորտ թե ռազմական, ինչու ոչ՝ նաեւ քաղաքական, թեեւ մեր երկրի ճակատագրի պարագայում խոցելին մշտապես եղել է դիվանագիտությունը: Ինչեւէ. այս անգամ մեր բուն ասելիքը Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար Նուբարյանի՝ Նուբար փաշայի մասին է, որին այսպես են բնութագրել Բրոկգաուզի եւ Եֆրոնի՝ 1980-ին հրատարակված հանրագիտարանային բառարանում. «Նուբար փաշա – եգիպտացի  քաղաքական գործիչ, ծագումով հայ, քրիստոնյա, շատ կրթված մարդ, ազատ խոսում է մի շարք լեզուներով, վերջին շրջանի ամենահմուտ դիվանագետներից է»:

nubar-pasha

Անկախ պետական կարեւոր գործերում ծանրաբեռնվածությունից, իր արմատներին հավատարիմ գործիչը զբաղվել է ինչպես Եգիպտոսի հայ համայնքի, այնպես էլ աշխարհասփյուռ իր հայրենակիցների ճակատագրով: Նախաձեռնել է Թուրքիայից Եգիպտոս հասած հայ գաղթականների օգնությունը, գումարներ հատկացրել հայատառ պարբերականների հրատարակման համար, հիմնել դպրոցներ, կազմակերպել հայ մատենագիրների ֆրանսերեն թարգմանությունների տպագրություն, ազգաշահ այլ ձեռնարկումներ: Իսկ 1878-ին կազմել եւ Բեռլինի կոնգրեսին է ուղարկել թուրքական լծի տակ կեղեքվող հայության վիճակը բարելավելուն միտված իր ծրագիրը, որը, սակայն, չի ներկայացվել կոնգրեսին… Իր արժանավոր հոր ազգանպաստ գործը շարունակելու էր նրա որդին՝ Պողոս Նուբար փաշան՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիրներից մեկը,