arayik

Անգեղակոթը շատ զոհեր տվեց Արցախյան պատերազմներում: Զոհվածներից ոմանք հուղարկավորվեցին Սիսիանի պանթեոնում, ոմանք` Եռաբլուրում, 15 հոգին էլ` հայրենի գյուղի պանթեոնում: Վերջին երկուսը` 44-օրյա պատերազմի նահատակներ Արայիկ Կիրակոսյանն ու Պարույր Եսայանն են:

arcakh

Արայիկ Կիրակոսյանի հուշաքարին հայրը` Էդիկը, որդու անուն-ազգանվան կողքին փակագծում գրել է նաեւ Մխո: Ասում է` գյուղում բոլորը նրան Մխո գիտեն, նույնիսկ շարային ներկա-բացակայությունների ժամանակ երբ հնչել է նրա` Արայիկ Կիրակոսյան անուն-ազգանունը, որդին երբեմն ռեկացիա չի տվել, մինչեւ կողքից ընկերները բոթել են նրան ներկա ասել: Ինքն էլ էր իրեն Մխո կոչում:

Ծառայությունն անցել է Ջրականում, Արա Լեռ զորամասում: Բանակից զորացրվելուց հետո գնացել է Ռուսաստան, որոշ ժամանակ աշխատել այնտեղ, ապա վերադարձել հայրենի գյուղ, ամուսնացել եւ պայմանագրային ծառայության մտել Սիսիանի զորամասում: Զինակից ընկերների հետ Շաղատի դիրքերն էին հսկում:

arcakh

Ամսի 10-ի առավոտվա կողմերը անօդաչուն արդեն հարվածել էր Արայիկիս մեքենային: Արայիկը ավագ սերժանտ էր, ինքն էր վարել մեքենան… Նրա հետ էլի տղաներ զոհվեցին` Գեւորգը, Հրահատը, Աշոտը, Անուշավանը, ջոկից փրկվել են միայն 3 հոգի, որ վիրավորվել էին, ու հիմա ողջ են: Ընկերները հետո պատմել են, որ Արայիկը շատ լավ էլ զգացել է, թե ինչ է սպասվում իրենց, զինակիցներին խնդրել է ոչ ոք մեքենայից չթռչի, եթե մի բան լինի, թող բոլորին միասին լինի, ասել է` մեկս բոլորի համար, բոլորս` մեկի: