aliev

Ինչպես գիտենք 44-օրյա պատերազմից հետո Իլհամ Ալիեվը հայտարարել էր, որ Բաքուն թույլ չի տա որևէ միջնորդի այցելել Լեռնային Ղարաբաղ, քանի որ այդ հարցը մեկընդմիշտ փակված է , չնայած նրան, որ պաշտոնական Երևանը հայտարարում է , որ խնդիրը  դեռևս լուծված չէ և մշտապես կողմ է արտահայտվում գործընթացի խաղաղ կարգավորման վերսկսմանը։

Այս կապակցությամբ, ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Ռուսաստանին մտահոգում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակը չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ։

«Ի՞նչն է մեզ մտահոգում։ Որ համանախագահների եռյակը մինչ օրս չի կարողանում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին և աջակցել կողմերին կոնկրետ միջոցներ նախանշել՝ մարդկանց միջև շփումների հաստատման, հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ»,- ասել է նա «Ռոսիա սեգոդնյա» լրատվականի առցանց ճեպազրույցում։

Միևնույն ժամանակ, ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ «ամենամոտ ապագայում համանախագահներին, այնուամենայնիվ, կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել ՀՀ և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: