mayr

Երեխաները ծնողների ամենաթանկն են ու կյանքի իրական հրաշքներ, որոնց ծնողները նվիրվում են մինչև կյանքի վերջ: Սակայն երեխա-ծնող հարաբերություններում միշտ չէ, որ ամեն բան հարթ է գնում՝ սկսած երեխայի ծնված օրվանից: Ամեն բան  մի փոքր խառնվում է, երբ երեխան մի փոքր մեծանում է, և ծնողները ստիպված են ավելի քիչ ժամանակ անցկացնել երեխայի հետ, քանի որ մեր իրականությունում առանց աշխատելու չես կարող պահել ընտանիքդ:

Հիշում եմ, երբ ընկերներիցս մեկը, ում փոքրիկ դուստրն արդեն 4 տարեկան է, մի օր աշխատանքի եկավ ու անընդհատ մտազբաղ էր թվում: Հարցրի՝ Մերի, բան է պատահել, հո երեխան հիվանդ չի՞, անտրամադիր ես, Մերին ասաց, որ ոչինչ չի պատահել ու ընդմիջմանը մանրամասն կպատմի:

Ընդմիջմանը մի ժամ ժամանակ ունեինք, որոշեցինք դուրս գալ սրճելու մեր բանկին մոտ սրճարանում: Արդեն երևի հասկացաք, որ մենք բանկում ենք աշխատում և հեշտ աշխատանք չէ սպասարկման ոլորտում աշխատելը, հատկապես Հայաստանում, որբ մարդկանց հետ լեզու գտնելը դժվարացել է: Ինչևէ, գրեթե ամեն օր մենք լարված ու նյարդայնացած ենք, ու երբ գնում ենք տուն ուզում ենք հանգստանալ:

Վերադառնամ Մերիին: Երբ սրճում էինք, Մերին պատմեց, որ երևի վերջին 2 տարին, ինչ սկսել է աշխատել, երեխայի հետ ավելի քիչ է զբաղվում ու ժամանակ անցկացնում, ճիշտ է երեխան սովոր է տատիկի հետ երկար մնալուն, սիրով խաղում ու զբաղվում է, բայց ինքը որպես մայր երբեմն իրեն մեղավոր է զգում ու համարում է, որ որպես մայր թերանում է: Սակայն մինչ այդ դեպքը նա թեթև էր նայում այդ ամենին: Մերին պատմեց, որ երեկ, երբ գնացել է տուն աշխատանքից հետո, երեխան արթնացել ու իրեն է ուզել: Ինքն էլ, որոշել է չնայած հոգնածությանը, թողնել տան գործերը ու զբաղվել երեխայով: Հանկարծ 4-ամյա փոքրիկն ասել է մայրիկին իր հետ խաղալ տիկնիկներով: Մերին էլ ասում է, որ համաձայնել է:

«Լիլ, երեխան, որ ասեց մամ արի իրար հետ տիկնիկներով խաղանք, ասեցի՝ հա բալես բեր տիկնիկներդ, մի պահ ահավոր զարմացած նայեց ինձ երեխեն, հետո համարյա ուրախությունից հուզված՝ գրկեց ինձ ու ասեց մամ, ես քեզ շատ եմ սիրում: Շատ ամաչեցի ու նեղվեցի Լիլ, որովհետև երեխաս սպասում էր, որ ասելու եմ, հոգնած եմ, մի ուրիշ անգամ կխաղանք: Իմ համաձայնելուց էնքան ուրախացավ պուճուրս, որ աչքերն էլ էր լցվել, շատ էի ազդվել: Հասկացա, որ իրեն սկսել եմ քիչ ժամանակ տրամադրել, բայց անպայման պիտի ուղղեմ սխալս»:

Կարծում եմ, չպետք է մոռանանք, որ բոլորս էլ նույնիսկ մայրիկները, հոգնում են ու երբեմն չեն ուզում խաղալ, բայց պետք չի մեղադրել և կարծել, որ վատ մայր ես, ուղղակի պետք է հաղթահարես օրվա լարվածությունը ու առաջնահերթությունը տանք մեր փոքրիկներին: