Իմացեք ամենակարևորը՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մասին

Այսօր կյանքից հեռացել է հայ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը։ Ռազմիկ Դավոյանը Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր է եւ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։

razmik

1957թ. Լենինականի «Բանվոր» թերթում տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը, 1963թ.` առաջին ժողովածուն: 1958թ. տեղափոխվել է Երևան: 1959-64թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում: Ուսանելուն զուգընթաց, աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում՝ որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ, նաև` «Գրական թերթի» խմբագրությունում` որպես սրբագրիչ: 1965թ-ից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը: 1970թ-ից աշխատել է սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում: 1975-90թթ եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը:

razmik

1989թ. եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի աղետի գոտու հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը, «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահը, 1991թ-ից` Հայաստանի «Համազգայինի» վարչության նախագահը, 1994-96թթ` Հայաստանի գրողների միության վարչության նախագահը, 1999-2003թթ` ՀՀ նախագահի խորհրդականը:

Ստեղծագործել է նաև ռուսերեն լեզվով: Ռազմիկ Դավոյանը 2000թ-ից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս է: 1985թ., 2003թ. և 2010թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1998թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2011թ.` Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի, 2010թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի, 2015թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի: