sevan

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը, որը հունվարի 7-ին ազատ է արձակվել Հունաստանի դատարանից, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՀՀ դեսպանն անհավանական ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ։

sevan

«Հայաստանի դեսպանատունը և հատկապես դեսպան Տիգրան Մկրտչյանը անհավանական ջանքեր գործադրեցին ինձ ազատելու համար։ Նա օր ու գիշեր աշխատում էր, ոչ մի րոպե ինձ մենակ չէր թողնում։ Կյանքումս առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում պետություն է կանգնած՝ անվերապահ և հաստատակամ։ Բոլորովին այլ զգացողություն։ Լավ էր, չգիտեի»,- ասվում է գրառման մեջ։

Նշանյանը նաև հավելել է, որ, հավանաբար, ստիպված կլինի որոշ ժամանակով հեռանալ Հունաստանից և, հնարավոր է, ապրել Հայաստանում, կամ գուցե այլ երկրում։

sevan

Ըստ Հունաստանի դատարանի որոշման, Նշանյանը պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ Քանի որ նա հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ցանկության դեպքում նա կարող է մեկնել ՀՀ։

Նշանյանն ապաստան էր ստացել Հունաստանում 5 տարի առաջ՝ փախուստի դիմելով թուրքական բանտից։ Նա ՀՀ քաղաքացի է, ՀՀ քաղաքացիություն է ստացել Հունաստանում հայկական դեսպանատանը 2019-ի մայիսին։