Ի՞նչ էր գրել անմահացած հերոս Շանթ Նավոյանն իր նոթատետրում

Շանթ Նավոյանը մեկն է այն հերոսներից, որոնք իրենց կյանքի գնով պահեցին հայրենի հողը։ Նա ընկավ 44-օրյա պատերազմում՝ հոկտեմբերի 10-ին՝ իր սիրելիների, ծնողների անգամ անծանոթների սրտերում հուշեր թողնելով։

Մեկ տարուց ավելի է, ինչ ապրում ենք մի իրականության մեջ, ուր Շանթը և նրա նման հազարավոր տղաներ չկան։ Սակայն կան հուշերը, որ նրանք թողել են իրենց ետևից, և որոնք ապրեցնում են այսօր էլ իրենց մտերիմներին, բոլորիս։

Այդ հուշերից է նաև Շանթի նոթատետրը։ Նա անգամ կռվի դաշում շարունակում էր զգացածը փոխանցել թղթին։ Գուցե և գիտեր՝ դրանք մի օր ապրեցնելու են իր հարազատներին։ Նոթատետրում մի պատկերավոր դրվագ կա հերոսի ապրած ծանր օրերից․ «Երրորդ օրն էր, արագ տեղափոխվեցինք հիմնական կրակային կետ ու սկսեցինք արկեր իջացնել կրակելու համար: 80 կգ արկերը իջացնելուց աչքս ընկավ ինձնից մի 30 մետր հեռու գտնվող մեծ ու կարմիր պտուղներով նռնենու վրա: Երկու օր ոչինչ չընդունած ստամոքսս ու կռվի լրջությունը պատկերացնող ուղեղս սկսեցին պատերազմել: Ոտքերս վազում էին մեքենայից արկ իջացնելու, բայց աչքս նռնենուց չէր կտրվում: Ուշքն ու միտքս ծառին մոտենալն ու նուռ խժռելն էր: Ականջիս սուլոց լսվեց, գլուխս վախվորած թեքեցի վերև ու վրաս կարմիր անձրև թափվեց: Պայթյունը մի պահ խլացրել էր, ինձ գցեցի գետնին ու սկսեցի գոռալ տղերքի անունները, որ համոզվեմ բոլորը լավ են…

Չորսն էլ լավ էին: Նայեցի կողքերս, ամեն ինչ նույնն էր, մենակ նռնենին չկար, արկը ընկել էր ուղիղ վրան ու փոշիացրել… Հիմա նրա տեղում մուգ ծուխ էր բարձրանում: Տպավորություն էր, որ ընկեր եմ կորցրել: Քայլեցի թաքստոց, նստեցի հողին ու սկսեցի դեմքս մաքրել քաղցր կարմիրից:

Իմ ուղղությամբ կրակած առաջին արկը իր վրա վերցրեց նռնենին»:

error: Content is protected !!