տաքսի

ՀՀ կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը վերաբերելու է միայն հանրապետական օդանավակայանների տարածքում գործող տաքսի ծառայություններին։ ԱԺ-ի հունվարի 17-ի նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին տեղեկացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Փոփոխությունների համաձայն՝ ՀՀ օդանավակայաններում գործելու են միայն սպիտակ գույնի տաքսիներ՝ գործարանային վառելիքային համակարգով։ Ըստ այս նախաձեռնության կարևոր է, որ մեքենան վերասարքավորված չլինի բենզինի փոխարեն գազի օգտագործման համար։ Այս ամենի հետ մեկտեղ  մեքենայի արտադրության թիվը չպետք է գերազանցի 7 տարին։

Սպիտակ տաքսիների վրա պետք է լինեն տաքսու տարբերանշաններ, իսկ կողքին՝ «Aerotaxi» գրություն։

Այն վարորդները, որոնք կհամապատասխանեն սահմանված չափանիշներին, կստանան «А» դասի լիցենզիա, որի տարեկան տուրքը կլինի 200․000 դրամ։ Կառավարությունը նշում է, որ տուրքի այսքան բարձր չափը պայմանավորված է Երևանից օդանավակայան տեղափոխման բավական բարձր սակագներով։

Նշված պահանջները խախտելու ու համապատասխան լիցենզիա չունենալու դեպքում տաքսու վարորդներից կգանձվի 50 հազար դրամ տուգանք։

Հավելենք նաև, որ ըստ նախագծի սովորական տաքսիները կտուգանվեն այն ժամանակ, եթե զբաղեցնեն լիցենզավորված տաքսիների կայանատեղիներն օդանավակայանի տարածքում։