food

Հայաստանյան սուպերմարկետներն ու խանութներն այսօրվանից հաճախորդին կառաջարկեն ավելի հաստ եւ թանկ տոպրակ: Այս մասին տեղեկացրել են սուպերմարկետների աշխատողները: Ավելի քան 10 օր է, ինչ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելված է։ Նշենք, որ օրենքն ընդունվել է դեռեւս 2020 թվականի գարնանը, իսկ հունվարի մեկից ուժի մեջ է մտել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը, բայց, չնայած սրան, տոպրակները դեռ լայնորեն կիրառվում են գրեթե բոլոր խանութներում։

food

Սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ վերահսկող մարմինները դեռ տեխնիկապես պատրաստ էլ չեն ստուգել առեւտրի կետերի տոպրակների միկրոնը: Իսկ մինչ այդ լիազոր մարմինը՝ Երեւանի քաղաքապետարանը, տեղյակ էլ չէր, որ ինքն է վերահսկելու մայրաքաղաքում տոպրակների խնդիրը:

food

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղաբալյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց. «Այդ հարցը պարզաբանվել է, դրա խնդիրը չկա: Հիմա զուտ տեխնիկական խնդիրներ են՝ կապված չափիչ սարքերի ձեռք բերման, դրանց ստուգաչափման հետ: Դրանք մեկ օրում էլ հնարավոր կլինի գնել, բայց դրանք նախ պետք է ստուգաչափվեն, սարքերը պետք է համապատասխան մարմինների կողմից ստուգված եւ կնքված լինեն»: