boy sad

Այս դեպքը պատահել է տարիներ առաջ, երբ դուստրս 4-րդ դասարանում էր սովորում: Դասարանում կար 25 երեխա և բոլորը տարբեր ընտանիքներից էին: Նրանք սովորում էին երևանյան ոչ շատ հայտնի դպրոցում, որտեղ կարելի էր հանդիպել սոցիալական տարբեր խավի երեխաների: Մի անգամ դուստրս՝ Անին, եկավ տուն դպրոցից. զգում էի տրամադրություն չունի, մտածեցի նեղացրել են իրեն, շտապեցի հարցնել, թե ի՞նչ է պատահել: Սկզբում աչքերը լցրեց: Որոշեցի շատ հարցեր չտալ, որ չճնշվի, բայց շատ անհանգստացա:

Անցավ որոշ ժամանակ, նստեցինք, որպեսզի տնային ռաջադրանքներն անենք միասին, Անիս չէր կենտրոնանում դասերի վրա: Գրքին նայելով ասաց. «Մամ, ինչու՞ են մարդիկ չար լինում և ուշադրություն դարձնում այնպիսի բաների վրա, որոնք կարևոր չեն: Ու առանց հարցեր տալու սկսում են նեղացնել ու ծաղրել իրար»: Սկսեց խոսել, ու ասաց, որ իրենց դասարանի Գոռը, ամեն օր նույն սվիտրով է գալիս դպրոց: Ինչ օրերը ցրտել են, նրան դեռ ուրիշ սվիտրով չեն տեսել: «Բայց ախր դա ի՞նչ կապ ունի, կարող է չէ մարդ մի սվիտր ունենալ ու դա հագնել, կարևորը հագնելու բան ունի, կարևորը ինքը բարի է, ու լավ է սովորում»,- ասում էր Անին:

Լուռ գլխով էի անում ու լսում շարունակությունը. «Արդեն ամսից ավել է, երբ Գոռը մտնում է դասարան, միանգամից մյուսներն ասում են՝ էլի մանեկենի պես խանութից եկել էս դասի, մոռացել ես փոխես շորերդ, մեկ-մեկ գոնե լվում ես էտ շորդ, թե չես լվում, որ չմաշվի, կուզես իմ հին շորերից բերեմ հագի, թե չունես, թե չէ ամեն օր նույն սվիտրն ես հագնում մեղկ ես»:

Ես ասացի Անիին, որ նա շատ ճիշտ է, կապ չունի մարդ ինչ է հագնում, նույն շորը շատ է հագնում թե, ոչ: Մեկը կարող է ունի հնարավորություն ամեն օր տարբեր բաներ հագնելու, իսկ մյուսը չունի: Չի կարելի նրան անընդհատ դա հիշեցնել: Ուղղակի պետք է ընկերություն անել և այլ բաների մասին խոսել, որպեսզի նա իրեն վատ չզգա: Նյութական բաներին ճիշտ չէ կարևորություն տալ: Հատկապես, որ հագուստը մաշվում, փոքրանում է ու էլ ոչ ոք չի հիշում դրա մասին:

«Չէ, մամ, Գոռը միշտ կհիշի այդ սվիտրը, ինչքան էլ, այն մաշվի ու փոքրանա: Նա այսօր չդիմացավ ծաղրանքին ու արցունքները կուլ տալով հազիվ գոռաց, որ դա իր ունեցած միակ սվիտրն է, որը մայրիկն իր ձեռքերով էր գործել իր համար, որպեսզի, երբ մեծանա հագնի այն՝ իրեն հիշելով: Գոռն ասաց, որ իր մայրիկը մի քանի տարի առաջ մահացել է ծանր հիվանդությունից, իսկ ինքը փոքր է եղել ու այնքան էլ լավ չի հիշում իր մորը, իսկ այդ սվիտրը միակ բանն է, որը թույլ է տալիս Գոռին միշտ հիշել ու իրեն զգալ մայրիկի գրկում»:

Այդ ամենից հետո խոսքեր չունեի,հազիվ արցունքներս զսպելով՝ գրկեցի աղջկաս ու համբուրեցի: