«Բալեք ջան, քաղցրեր ջան, զարթնեք, խնդրում եմ»․ Սիրարփիի ու Մարիամի մայրը, 5-ամյա Մարատի տատիկը խոսքեր չէր գտնում. Ցավակցում ենք հարազատներին

Երեկ վերջին հրաժեշտը տվեցին երկու քույրերին՝ Սիրարփի և Մարիամ Խաչատրյաններին՝ 28 և 30 տարեկան, ինչպես և 5-ամյա Մարատին։ Հիշեցնենք, որ նրանք կյանքից հեռացել էին «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Սիրարփին հղի էր՝ սպասւոմ էր իր երկրորդ զավակի լույս աշխարհ գալուն, և քրոջ ու որդու հետ գնացել էր առևտրի կենտրոն՝ գնումներ կատարելու։

Միայն երկու օր անց փրկարարները կարողացան գտնել և դուրս բերել նրանց մարմինները, սակայն մինչև վերջին րոպեն էլ չէր մարում հույսը, թե նրանք կարող են ողջ լինել։

Ծանր ու ցավալի օրեր են։ Երեկ քույրերի և Սիրարփիի որդու հոգեհանգիստը լի է արտասուքով ու ցավով։ Նրանց մայրը խոսքեր չէր գտնում։

– Բալեք ջան։ Քաղցրեր ջան։ Ինչո՞ւ դուք, ինչո՞ւ մենք։ Աստված իմ, ինչի՞ համար։ Թող սա երազ լինի։ Զարթնեք, խնդրում եմ, – հազիվ լսելի ձայնով, ուժասպառ եղած արտաբերում էր աղջիկների մայրը։

Ցավում ենք և կիսում հարազատների անամոք վիշտը։ Ցավակցում ենք բոլոր կյանքից հեռացածների ընտանիքներին։