Ալեն Սիմոնյանի աները՝ «տուշոնկա գողացող». ինչո՞ւ է լռում ԱԺ փոխխոսնակը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սույն թվականի հունվար ամսին առանց զգուշացման այցելություն էր կատարել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան և բացահայտել, որ կացարանում «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպաներ են հայտնաբերվել: Այս և այլ բացահայտումները (ժամկետանց սնունդ, վատ սանիտարահիգիենիկ պայմաններ) պաշտպանի գրասենյակն ուղարկել է դատախազություն՝ ստուգման նպատակով, ինչից հետո արձանագրված խնդիրների առնչությամբ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել:Դեպքի առնչությամբ ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:

Նշենք, որ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն այդ ժամանակ (ի դեպ, սկսած 2009թ-ից) զբաղեցրել է Ձոնիկ Մարգարյանը՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նախկին ԺՊ-ն, ով դրանից առաջ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր: Ուշագրավ է, որ Ձոնիկ Մարգարյանը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կնոջ հայրն է:

Հայոց բանակի, հայ զինվորի համար նախատեսված պարագաները Ալեն Սիմոնյանի աները, փաստորեն, փորձել է իրացնել իր ղեկավարությամբ գործող անօթևանների կացարանում: Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես 2018-ին՝ «թավշյա հեղափոխությունից» ընդամենը ամսիներ անց, ԱԱԾ-ն բացահայտեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի «ունեցվածքը»՝ «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի ողջ ամբարը:Իշխանական ողջ էլիտան ջանք ու եռանդ չէր խնայում պարսավելու, որակազրկելու գեներալի կերպարը, խոր քննադատության ենթարկելու ու դատապարտելու համար Մանվել Գրիգորյանի արարքները:

Բացառություն չէր նաև Ալեն Սիմոնյանը, վերջինս ևս հետ չմնաց իր քաղաքական թիմից ու Գրիգորյանին ամենաստոր դավաճանի պիտակ կպցրեց, զինվորի բաժին գողացող ներկայացրեց: Սակայն, պարզվում է, որ Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի մարդկանցից մեկը՝ աները, ոչ պակաս «տուշոնկա գողացող» է. չէ՞ որ նրա ղեկավարած կառույցում ևս զինվորի բաժին է յուրացվել: Այն, ինչի համար փորձում են դատել Մանվել Գրիգորյանին, սակայն այդպես էլ չեն կարողանում տեղից շարժվել՝ ապացույցների անբավարար լինելու հանգամանքով պայմանավորված, արել է «թավշյա հեղափոխության» առաջամարտիկներից հեղափոխական գաղափարների ջատագով Ալեն Սիմոնյանի մերձավորը, ընդ որում՝ փաստարկված ու ապացուցված հենց գործող իշխանությունների օրոք: Այս միջադեպը չստացավ հանրային նույն հնչեղությունը, ինչին արժանացավ Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածը, քանի որ իշխանությունը նպատակ էր հետապնդում արժեզրկել հայկական բանակի գեներալի, Արցախյան գոյամարտի մասնակցի անունն ու պատիվը, իսկ Ձոնիկ Մարգարյանի արարքները ստվերվեցին, փորձեցին ամեն կերպ ծածկադմփոց անել, քանի որ վերջինիս փեսան Ալեն Սիմոնյանն է: Քչերն իմացան կամ ցայսօր քչերը գիտեն, որ տվյալ անձը ազգակցական կապ ունի Սիմոնյանի հետ, ով էլ, ըստ երևույթին, գործի է դրել իր ողջ ներուժն ու իր տրամադրության ներքո գործող ռեսուրսները, որպեսզի աներ-հայրիկին զերծ պահի օրենքի հետ խնդիրներից:

Ուշագրավ է նաև, որ սկանդալային պատմություններում ներգրավված Ձոնիկ Մարգարյանին փեսան ամեն կերպ փորձում էր պաշտոնատար անձ դարձնել: Սկզբում Մարգարյանը Կենտրոնի համայնքապետի տեղակալն էր, ապա Վիկտոր Մնացականյանի՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո Մարգարյանը դարձավ վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Սակայն քրեական գործի ֆոնին Սիմոնյան-Մարգարյան տանդեմի նպատակները հօդս ցնդեցին:

Ի՞նչ է ստացվում. բարոյական արժեքներից, արդարությունից, հավասարությունից բարձրագոչ ճառեր անող ԱԺ փոխխոսնակը ինքն էլ սերտ հարաբերություններ ունի սկանդալային պատմությունների հերոսների հետ: Մանվել Գրիգորյանի վերաբերյալ դեռևս 2018 թվականին այդ ժամանակվա ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասում էր. «Սա այն է, ինչի մասին մենք տարիներ շարունակ տարբեր ամբիոններից խոսել ենք: Սա այն կոռումպացված համակարգն է, որի հետևանքով մենք կռվում էինք 1980-ականների զենքերով»:

Իսկ ինչո՞ւ էր լռում Ալեն Սիմոյանը, երբ իր կնոջ հայրն էր թաթախված կոռուպցիոն սկանդալներում, երբ իր ընտանիքի անդամն էր զինվորի բաժինը յուրացնելու փորձեր անում, ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը նման կերպ չէր արձա
գանքում, երբ անօթևանների վերոնշյալ կացարանի շահառուները «ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցներում տեղեկացրել էին, որ իրենց կամ այլ շահառուների ստացած 25.000 ՀՀ դրամի հաշմանդամության թոշակից 15․ 000 դրամը տալիս են կացարանի աշխատակցին իրենց «կացարանում պահելու համար» կամ «հիգիենիկ և կենցաղային պարագաներ տրամադրելու համար»։ ԱԺ փոխխոսնակը լավագույնս կոծկել է կնոջ հոր արարքները: Այնինչ, ԱԺ փոխխոսնակը արդար լինելու համար պետք է նույն կերպ քննադատեր ու դատապարտեր իր ազգականի արարքները, եթե, իհարկե, արդարությունը բոլորի համար է, ու օրենքի առաջ նոր Հայաստանում բոլորն են հավասար: