Վարդան ու Աղավնին ապրում էին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: Նրանք ամուսնացել էին շատ երիտասարդ տարիքում, բայց ունեին շատ ամուր ընտանիք: Չնայած դժվարություններին՝ նրանք ունեցել էին որդի և փորձել էին նրա համար ապահովել ամեն անհրաժեշտ բան, որպեսզի նա կարողանա լավ սովորել, ապա բարձրագույն կրթություն ստանալ և լավ աշխատանք ունենալ:

Նրանց տղան՝ Աղասը, իրոք լավ էր սովորում, նա գերազանցությամբ ավարտեղ դպրոցն ու անվճար հիմնուքներով ընդունվեց համալսարան: Նա սովորում էր Պոլիտեխնիկում և ապագա ծրագրավորող էր: Վարդանը մասնագիտությամբ պատմաբան էր, բայց շատ լավ էր հասկանում, որ ապագայի մասնագիտությունը ծրագրավորումն է և որդուն հենց այս ուղղությամբ էր տարել:

Աղասը համալսարանական առաջին տարիներին շատ լավ էր սովորում: Հայրն ու մայրը աշխատում էին և ապահովում էին նրան ամեն ինչով, որպեսզի նա մտածի միմիայն ուսման մասին: Վարդանն ու Աղավնին վստահ էին, որ իրենց տղան տաղանդ ունի և մեծ հաջողություններ կհասնի:

Այսպիսի վստահություն ունեին նաև դասախոսները, ովքեր նկատել էին Աղասի տաղանդ և փորձում էին ամեն կերպ աջակցել նրան:

Աղասն իրոք տաղանդավոր էր, բայց նա նաև շատ հեշտ էր ազդեցության տակ ընկնում: Բավական էր մեկը մի փոքր նրան գովեստի խոսքեր ասեր և նա անմիջապես դառնում էր կառավարելի տիկնիկ: Այս հանգամանքը շատ լավ օգտագործում էին նրա կուրսի տղաները: Նրանցից մեկը՝ Արտակը, կարելի է ասել դարձել էր Աղասի ուղեղի տերը: Արտակը համոզել էր Աղասին, որ նա այնքան լավ ծրագրավորող է, որ կարող է կոտրել բանկերի անվտանգության համակարգը, գումարներ վերցնել և միանգամից հարստանալ:

Աղասը շատ հեշտությամբ կերել էր այս կուտը և դասերի վրա կենտրոնանալու փոխարեն՝ նա ամբողջ օրը զբաղված էր անվտանգություն շրջանցելու մասին մտածելով և տարբեր փորձարկումներ անելով:

Այս ամենի մասին նրա ծնողները տեղյակ չէին: Նրանք վստահ էին, որ որդին գերազանց սովորում է և փայլուն ապագա ունի:

Ցավոք Աղասը փորձանք բերեց իր գլխին: Մի օր, երբ Արտակը վերջնական նրան համոզեց, որ նա բացառիկ տաղանդ է և կարող է միանգամից հարստացնել իրենց, Աղասը սկսեց աշխատել բանկերից մեկի անվտանգությունը շրջանցելու վրա: Նա երկու օր տանջվեց, և մոտ էր հաջողության: Նա հատուկ ծրագիր էր մշակել, որը գոյություն չէր ունեցել նախկինում, ուստի չկար դրա դեմն առնող որևէ համակարգ, ինչը թույլ տվեց հասնել բանկի գումարներին: Նա հաշվի չէր առել, որ դա կարելի է անել, բայց հետո հնարավոր չի լինելու երկար ժամանակ թաքնված մնալ, քանզի նրա հետևից կգան: Այդպես էլ եղավ: Խոշոր գումարն իրենցով անելուց 3 օր անց անվտանգությունը հայտնաբերեց նրանց: Բնականաբար Արտակը որևէ կերպ պատասխանատվության չենթարկվեց, իսկ Աղասին մի քանի տարով ազատազրկեցին:

Վարդանն ու Աղավնին չէին հավատում այս դժոխքին, նրանք պատկերացնել անգամ չէին կարող, թե ինչի մեջ է թաթախվել իրենց տղան: Դեպքից հետո նրանք խայտառակվել էին Ճամբարակում և այլևս չապրեցին այնտեղ: Վաճառեցին ունեցվածքն ու տեղափոխվեցին Հրազդան: Ցավոք հրաշալի տաղանդը կուլ գնաց արագ հարստանալու մտքին և փչացրեց ոչ միայն իր, այլև ծնողների կյանքը, ովքեր ամբողջ կյանքն էին դրել որդուն լավ ապագա կառուցելու համար: