«Ստիպել են, որ սանհանգույցը մաքրի, ավելը ձեռքն են տվել, ասել են` դու եզդի ես, պետք է դա անես». անհետացած զինվորի տատը մանրամասներ է պատմել

Շարքային զինծառայող Վլե Ֆերոյանը, որը բանակ է զորակոչվել հունվարի 31-ին, մեկ օր անց անհետացել է Կապանի N զորամասից։ 18-ամյա շարքային զինծառայողի տատը՝ Ռոզա Ֆերոյանը պատմել է, թե իր թոռանը ստիպել են մաքրել սանհանգույցը, ինչին նա դեմ է եղել, ինչի պատճառով սպաները ծեծել են նրան։

zinvor

«Ամսի 1-ին երեխուն սկսել են նեղացնել։ Ստիպել են, որ սանհանգույցը մաքրի, ավելը ձեռքն են տվել, ասել են, թե դու եզդի ես, պետք է դա անես։ Իր հետ եղել է նաեւ մեկ այլ եզդի, նույն վերաբերմունքը նաեւ նրա նկատմամբ է եղել, ծեծել են։ Նույնիսկ չեն թողել ճաշարան մտնեն, հաց ուտեն, էդ ցրտին դրսում են մնացել»,- պատմեց Ռոզա Ֆելոյանը եւ հավելեց, որ թոռն անհետացել է զորամասից փետրվարի 1-ի երեկոյան եւ այդ մասին իմացել են մյուս եզդի ծառայողից։

նույն զորամասի մեկ այլ զինծառայող պատմեց, թե Վլե Ֆերոյանը հրաժարվել է կատարել սպայակազմի հրամանը եւ չի մաքրել իր ննջարանը։

«Վլե Ֆերոյանը հրաժարվել է թե՛ կրել զինվորական հագուստ, թե՛ մաքրություն կատարել իր ննջարանում։ Վլեին չի պարտադրվել սանհանգույց մաքրել, այլ ասվել է՝ միայն ննջարանը մաքրիր։ Մեր զորամասում զինվորները սանհանգույց չեն մաքրում։ Նրան չեն ծեծել, ես հերքում եմ նաեւ այն տեղեկությունը, թե իբր Վլեին եւ մյուս եզդի զինծառայողին չեն թույլատրել հաց ուտել։

banak

Մինչեւ բուն տարաձայնությունները, չթույլատրված ժամին զորամաս է այցելել Վլեի եղբայրը եւ ասել նրան՝ արա այնպես, ինչպես դու ես ուզում, իսկ հետո կապիտան Արմեն Ավագյանին են հանդիպել Վլեի այլ հարազատները եւ խնդրել, որ նա թույլատրի Վլեին քնել այդ ննջարանում, չնայած նրան, որ կապիտանն ասել էր՝ պետք է մաքրություն անի, որ այդտեղ քնի, ասել է՝ հաջորդ օրը մենք կգանք, իր հետ կխոսենք, ինքը կլինի բոլորի նման։ Հենց այդ նույն օրը կապիտան Ավագյանը զորքին շարել է եւ ասել՝ եթե դուք համաձայն եք, որ այս զինվորը ինտեգրվի ձեր շարքերը տեղի ունեցածից հետո, մեկ քայլ առաջ եկեք, բոլորը բացի Վլեից, մեկ քայլ առաջ են եկել։

Նրանց միջեւ տարաձայնություն է սկսվել, բայց ծեծ չի եղել։ Վլեն անհարգալից է խոսել հրամանատարի հետ։ Ինչ վերաբերում է մյուս եզդի զինծառայողին, ապա նա նույնպես սկզբում չէր ենթարկվել կապիտան Ավագյանին, բայց նրա հետ զրույցից հետո ինտեգրվել է մեր շարքերը։ Երեկոյան արդեն Վլեն պատի վրայով փախուստի է դիմել զորամասից, այդ ժամանակ գլխից ընկել է գլխարկը, հենց այդտեղից ենք ենթադրում, որ այդ հատվածից է փախուստի դիմել։ Նրան ոչ ոք չի տեսել, որովհետեւ այդ ժամին մյուս ծառայողները լոգարանում են եղել։ Մինչեւ այս պահը Վլեից որեւէ տեղեկություն չունենք»։