Ինչպես հաջողվեց Արցախի Ճանկաթաղ գյուղը նորից հետ վերցնել. ադրբեջանցիները գրավել ու ավերել էին այն

Արցախում կան բնակավայրեր, որոնց մասին երբևէ լսած չես լինի կամ չես կարդա մամուլում, եթե հատուկ չցանկանաս մանրամասներ իմանալ այդ շեների մասին։ Դրանցից մեկը Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղն է։

chankatagh

 Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անցել է ադրբեջանցիների հսկողության տակ ու ավերվել։ Բնակավայրի ազատագրվելուց հետո 1994-ին ճանկաթաղցիները վերադարձել են տուն ու գյուղին վերադարձրել իր պատմական անվանումը։ Գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Վրեժ Խաչատրյանի խոսքով՝ գյուղում ադրբեջանցիներ երբեք չեն ապրել, ինչի պատճառով էլ նրանք գյուղը գրավելուց հետո փորձել են հիմնահատակ քանդել այն։

chankatagh

Ճանկաթաղում այսօր ապրում է 350-ից քիչ ավելի մարդ։ 2020-ի պատերազմից հետո որոշ ընտանիքներ դուրս են եկել, հետո վերադարձել են։ Մարդիկ անհանգիստ են իրենց անվտանգության համար։ Գյուղապետ Սասուն Վանյանը ցույց է տալիս մոտ 500 մետր հեռավորության վրա՝ բարձունքում տեղակայված ադրբեջանական հենակետն ու հարցնում՝ ինչպե՞ս հանդուրժես դրանց, չէ՞ որ ամեն պահի կարող են կրակել․ «Վախը, իհարկե, կա։ Մարդիկ չգիտեն, թե ինչպիսի վարք կդրսևորի թշնամին, բայց սա մեր երկիրն է, պիտի այստեղ ապրենք»։