«Ափսոսում եմ, որ փոխել եմ ազգանունս… Ուզում էի հայ լինել, եւ ես հայ եմ».Ֆրանսիական կինոյի լեգենդներից մեկի խոստովանությունն

Բոլոր ժամանակների, թերեւս, ամենահուզիչ «Մայրիկ» ֆիլմն անհնար է դիտել առանց արցունքների: Աշոտ Մալաքյանը, որ աշխարհին հայտնի է Անրի Վերնոյ անվամբ, իր կյանքի 82 տարիների ընթացքում հասցրել է նկարահանել 42 ֆիլմ: «Մայրիկ» ֆիլմի առաջին ցուցադրումը տեղի է ունեցել 1991 թ. նոյեմբերին՝ Մարսելում:

anri

Ֆրանսիայում այս ֆիլմը միաժամանակ ցուցադրվել է 800 կինոթատրոններում: «Վերնոյին, անշուշտ, հաջողվում է այնքան ցայտուն ու ճշգրիտ ներկայացնել կյանքը, որ հանդիսատեսի աչքերից ուղղակի արցունքներ են գլորվում». այսպիսին էր հեղինակավոր «Լը Մոն դը Պաղի» թերթի արձագանքը կինոնկարն էկրան բարձրանալուց հետո:

anri

Անրին չորս տարեկան էր, երբ 1924 թ. նրանց ընտանիքը գաղթում է օսմանյան Ռոդոսթո քաղաքից: Գաղթի պատճառը Հայոց մեծ եղեռնից հետո Մուստաֆա Քեմալի ղեկավարած թուրք ազգայնականների իշխանության գալն էր: Մալաքյանների ընտանիքը մի կարճ ժամանակով կանգ է առնում Հունաստանում, ապա նավ նստելով՝ որոշում ուղեւորվել Միացյալ Նահանգներ: Սակայն նավարկության ծանր պայմանները թույլ չեն տալիս ավարտին հասցնել ճամփորդությունը: Ինչպես հետագայում փաստելու էր Անրիի որդին՝ Պատրիկը՝ «Արաքսի տատիկը շատ հիվանդ էր, ուստի նրանք կանգ առան Մարսելում: Վախենում էին, որ ավելի երկար նավարկությունը ճակատագրական կդառնա»: Իսկ նրանց միակ ունեցվածքը, որ վերցրել էին իրենց հետ, մի բուռ ոսկեդրամներն էին՝ կարված Արաքսի մայրիկի զգեստի ներսում…