Համախառն արտաքին պարտքը ներառում է պետական արտաքին պարտքը, բայց ոչ ներքինը։ Եվ ի տարբերություն պետական ընդհանուր պարտքի, որը ներքին ու արտաքին պարտքերի գումարն է, համախառն արտաքին պարտքը ներառում է ոչ միայն պետական արտաքին պարտքը, այլև՝ մասնավոր հատվածը, օրինակ՝ բանկերի պարտքերը, որոնք ստացվել են օտարերկրյա գործընկերներից։

Համախառն արտաքին պարտքի տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ անգամ։ 2021 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները դեռևս չեն հրապարակվել, սակայն ինն ամիսների վիճակագրությունը փաստում է, որ համախառն պարտքը տարվա ընթացքում աճել է ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր հատվածի հաշվին։

2021 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի համախառն արտաքին պարտքը կազմել է 13 մլրդ 844 մլն դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է 943 մլն դոլարով կամ 7.3%-ով։