Հայոց ցեղասպանությունից յոթ տասնամյակ անց էկրան բարձրացավ Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմը։ Սասունցի պապի անունը կրող կինոռեժիսորն այդ արյունալի իրադարձություններից տարիներ անց կատարեց իր հոգու պարտքը՝ նկարահանեց ֆիլմ, որի հերոսները հստակ պատգամ ունեին եկող սերունդների համար։

Ավելի քան երկու տասնյակ ֆիլմերի հեղինակ Վիգեն Չալդրանյանն իր դեբյուտը կինոյում սկսեց անցյալ դարի 70-ականների երկրորդ կեսին։ Հաջորդ՝ «Ապրիլ» ֆիլմն էկրան բարձրացավ 1985 թվականին: Այս ֆիլմում նա որսացել էր ազգային հիշողության ու պահանջատիրության երակը, որն ապրում էր ավագ սերնդի մեջ ու լեգենդի պես փոխանցվում երիտասարդներին, լեգենդ, որն ամենամոտ ապագայում դրսևորվելու էր իբրև իրականություն։

«Ապրիլ» ֆիլմի հերոսները կոտորածից հրաշքով փրկվածներն ու նրանց սերունդներն են, ովքեր հիշում են ազգային պատմության դասերը և փոխանցում իրենց երեխաներին ու թոռներին։ Կինոնկարի գործողությունները ծավալվում են հայկական լեռնային մի գյուղում։ Նկարագրվում են իրադարձություններ, որոնք տեղի են ունենում 1980 թվականի ապրիլի 24-ին՝ Եղեռնի զոհերի հիշատակի օրը։ Կինոգետ Սիրանույշ Գալստյանը նշում է, որ գեղագիտական և բովանդակային իմաստով այս ֆիլմը լուրջ ներդրում է հայկական կինոժառանգության մեջ:

Վիգեն Չալդրանյանի երեսուն րոպե տևողությամբ կարճամետրաժ «Ապրիլ» ֆիլմը ծանրակշիռ խոսք է և պատգամ երիտասարդությանը, որ երբեք չմոռացվի այն արհավիրքը, որի միջով անցել են մեր նախնիները: Ֆիլմը նաև շեշտում է, որ չնայած մեզ բաժին հասած արհավիրքին, մենք պայքարել ենք, չենք կորցրել մեր արժանապատվությունն ու կարողացել ենք վերապրել։