Մեր հերոսներին յուրաքանչյուրս պարտավոր ենք անուն առ անուն ճանաչել, գիտակցել մեր պարտքն ու պարտավորվել ապագա սերունդներին փոխանցել այն հայրենիքը, որի համար տղերքը կռվեցին, արյուն թափեցին ու զոհվեցին: Չմոռանանք ու չուրանանք նրանց սուրբ գործը:

Ճանաչեք մեր անմար լույսերից ևս մեկին. Ռազմիկ Հենրիկի Սահակյան:

Մեր հերոս Ռազմիկը ավագ սերժանտ էր: Ծնվել է 2000 թվականին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում: Կիսատ թողնելով բուհական կրթությունը մեկնում է ծառայության 2019 թվականին: Բան չէր մնացել ընդամենը 60 օրից պիտի զորացրվեր, բայց անիծված պատերազմը փոխեց նրա ճակատագիրը:

Ծառայում էր Գյումրու հակատանկային զորամասում, ապա տեղափոխվել էր Մարտունի 3: Նոյեմբերի 7-ին նա շտապում է Մարտունի 2, պիտի շտապ օգնության հասներ կռվող ուժերին: Ու հենց այստեղ էլ մղում է իր վերջին մարտը ու Մարտունու համար զոհում է կյանքը նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, երբ արդեն մոտ էր մղձավանջի ավարտը:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: