zinvor

20-ամյա Հայկո Խաչատրյանը պատերազմի մասին միշտ ծիծաղով էր խոսում իր ծնողների հետ։ Հումորի միջոցով մշտապես փորձել է ցրել պատերազմի ծանր ազդեցությունները, փորձել է ծնողներից թաքցնել այն արհավիրքները, որոնց միջով շաբաթներ շարունակ անցել են ինքն ու իր մարտական ընկերները։

zinvor

«Ոչ մի անգամ լուրջ չէր խոսում, ինչքան զանգում էր, միշտ ծիծաղով ու հումորով էր խոսում։ Երբեք չէր ասում, որ ինչ-որ բան վատ է, նույնիսկ երբ զանգի ընթացքում ռումբի պայթյուն էր լսվում, ասում էր՝ էդ նորմալ ա, դա չի պայթում, վտանգավոր չի»,- իրենց վերջին հեռախոսազրույցներից մեկն է հիշում Հայկոյի մայրը՝ Գոհարը։

2020 թվականի սեպտեմբերի 28-ից Հայկոն հակատանկային դասակի իր ընկերների հետ եղել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի Կարախանբեյլի կոչվող տեղամասի դիրքերից մեկում։ Այնտեղ Հայկոն ու իր մարտական ընկերները մնացել են մինչև հոկտեմբերի 23-ը և անառիկ են պահել իրենց վստահված դիրքը։ Հոկտեմբերի 23-ին հերթափոխ է եղել։ Լողանալու և փոքր-ինչ շունչ քաշելու համար դասակին տեղափոխել են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս։ Հոկտեմբերի 29-ին հակատանկային դասակի տղաներն արդեն Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղ էին։

zinvor

Նոյեմբերի 7-ին՝ պատերազմի ավարտից ընդամենը երկու օր առաջ, 20-ամյա Հայկոն ընկնում է Շուշի տանող ճանապարհին։ Իրենց 9-հոգանոց հակատանկային դասակից ողջ են մնում միայն դասակի հրամանատարն ու մեկ ժամկետային զինծառայող, որը մինչև օրս էլ շարունակում է ծառայությունը։ Հենց հրամանատարն էլ Հայկոյի զոհվելու մասին տեղեկացրել է հարազատներին։