Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հարց էր ուղղել ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ կապված։ Պատգամավորը նախ հիշեցրեց, որ որ դեռևս հունվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը առնչվող լրագրողի հարցին, նշել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում հայկական կողմը նոր առաջարկներ է փոխանցել, որոնք արդեն ուղարկվել են Ադրբեջանին։ Գրիգորյանին մասնավաորապես հետաքրքրում էր , թե ինչ առաջարկի մասին է խոսքը և արդյո՞ք որևէ արձագանք կա Բաքվից։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախ հաստատեց ՌԴ ԱԳ նախարարի տեղեկությունը առաջարկի վերաբերյալ , պատասխանելով ՝
«Այո, հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազման, անվտանգության և կայունությանը մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանին և մյուս գործընկերներին։ Այժմ սպասում ենք արձագանքին»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարը հավելեց նաև, որ մանրամասներ չի կարող հրապարակել և իմաստ էլ չունի։
«Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են Կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված՝ զորքերի հայելային հետքաշմանը և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծումից, մեր ընդհանուր նախապես հռչակած հայեցակարգից»,- ասաց Միրզոյանը։ Միրզոյանը նշել է նաև, որ առաջարկի նշված փաթեթը ներկայացվել է նաև Անվտանգության խորհրդին։