«Պարոն Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ՝ փետրվարի 23-ի դրությամբ 20-ից ավելի աշխատակիցներ, սեփական դիմումի համաձայն, ազատվել են աշխատանքից։

Գործնականում, եթե դրան գումարենք նախորդ շրջանում թափուր պաշտոնների առկայությունը, ապա ունենք իրավիճակ, երբ, օրինակ, խոշտանգումների կանխարգելման եւ վատ վերաբերմունքի դեմ պայքարի ստորաբաժանումում ուղղակի աշխատող չունենք»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

Նա ասաց, որ զրուցել է աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ, նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել․ «Ես հարգանքով եմ մոտենում իրենց մոտեցմանը։ Պարոն Թաթոյանն ինքն իր հայտարարության մեջ հորդորել է աշխատակիցներին դուրս չգալ։
Պետք է ուրախությամբ նշեմ, որ նախորդ գրեթե բոլոր պաշտպանների հետ կապ եմ հաստատել, պարոն Թաթոյանի հետ պայմանավորվել ենք, որ կհանդիպենք եւ կքննարկենք հարցեր։ Ինձ համար ինստիտուտի հեղինակությունը եւ ինստիտուցիոնալ մոտեցումը լինելու է առաջնահերթ»։