Մետաքսյա Միհրանի Սիմոնյանը հայ բեմի բեկի գոհարներից մեկն էր, ում խաղը հիացնում էր անգամ ամենաքմահաճ հանդիսատեսին: Կինոյի ու թատրոնի ՀԱՅ խորհրդային դերասանուհի, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր Մետաքսյա Սիմոնյանը ծնվել է Աշխաբադում։ 1933 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1948 թ.-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը (ղեկավար՝ Վարդան Աճեմյան)։ Նույն թվականին հրավիրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն։ 1968 թ.-ից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1983 թվականից)։

Դեռևս սովորելու տարիներին հաջողությամբ խաղացել է զվարթ ու կենսախինդ Կատերինայի (Ֆեոդոր Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս»), խոհուն և սիրառատ Անանիի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») դերերը։ Առաջին հիշարժան դերերից են Արմանուշը (Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են», ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1950 թվական), Նինան (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես», Արբենինի դերում՝ Վահրամ Փափազյան)։ Նինայի դերակատարումն աչքի է ընկել հմայքով ու գրավչությամբ, մաքուր հոգու բանաստեղծականությամբ։

Նախընտրելով ճակատագրական կնոջ և նրա իրավունքների թեման՝ Սիմոնյանը հայ թատրոնում շարունակել է Արուս Ոսկանյանի և Ռուզաննա Վարդանյանի ստեղծած ավանդույթները։ Նույն հաջողությամբ հանդես է եկել նաև ռուսական, արևմտաեվրոպական և հայ հեղինակների պիեսներում, խաղացել և՜ կատակերգական, և՜ ողբերգական դերեր։ Գեղեցիկ ձայնի, կանացի ու արտիստական մեծ հմայքի շնորհիվ Սիմոնյանը տասնյակ տարիներ եղել է թատրոնի առաջատար դերասանուհի, կերտել անմոռանալի կերպարներ. 

Ստեղծագործական կյանքի բարձունքին Սիմոնյանը խաղացել է Նաստասյա Ֆիլիպովնայի (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշը» վեպի) դերը, որն իր հոգեկերտվածքով բացառիկ անհատականություն է համաշխարհային գրականության կանանց կերպարների շարքում։ «Այսպիսի Նաստասյա Ֆիլիպովնա ես կուզեի տեսնել մեր թատրոնում», — ասել է ռուս անվանի ռեժիսոր Գեորգի Տովստոնոգովը։

Սիմոնյանը նկարահանվել է կինոյում («Անահիտ», 1947 թվական, «Արարատյան դաշտի աղջիկը», 1949 թվական, «Ո՞ւմ է ժպտում կյանքը», 1957 թվական, «Թռիչք անդունդի վրայով», 1959 թվական, «Ջրերը բարձրանում են», 1962 թվական, «Կամոյի վերջին սխրանքը», 1973 թվական, բոլորը՝ Հայֆիլմ, «Սայաթ-Նովա», 1960 թվական, հեռուստաֆիլմ, և այլն)։ Հանդես է եկել նաև ասմունքով. ունեցել է հարուստ երկացանկ՝ արևելահայ և արևմտահայ գրողների ստեղծագործություններից։ Խաղացել է ռադիո- և հեռուստատեսային ներկայացումներում։ Սիմոնյանը հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Բաքվում, Թբիլիսիում, Բեյրութում, Դամասկոսում և այլուր։