Մենք թուրքի հետ միասին ապրել չենք կարող», Նորշենի բնակիչները շատ հուսահատ են

2020-ի պատերազմից հետո Արցախի հատկապես Մարտունու շրջանը հայտնվեց երեք կողմից շրջափակման մեջ, իսկ շրջանի բնակավայրերը տարբեր կողմերից թշնամու անմիջական թիրախի տակ հայտնվեցին։

Գյուղը համեմատաբար նոր պատմություն ունի։ Հիմնադրվել է 18-րդ դարում, ինչի համար էլ բնակավայրն ստացել է նոր շեն՝ նոր գյուղ անունը։ Նորշեն հասնելու համար հիմա երկու ճանապարհ կա։ Մեկը շրջկենտրոն Մարտունու կողքով է՝ ասֆալտապատ ու հարմարավետ, բայց երկար, մյուսը՝ գյուղերի միջով, քարքարոտ, լեռներով, ձորերով ու գեղեցիկ բնապատկերների ուղեկցությամբ։ 

norshen

Նորշենում հանդիպում եմ գյուղամեջում նստած բնակիչների, որոնց միակ զբաղմունքը աշխարհի վիճակի մասին զրուցելն է։ Աշխատանքն այստեղ հեռավոր երազանք է։ Հատկապես ձմռանը մարդիկ եթե դպրոցում, մանկապարտեզում կամ գյուղապետարանում չեն աշխատում, ապա ստիպված են լինում ժամանակ սպանել մինչև գարուն ու կրկին արտագնա աշխատանքի մեկնել։

norshen

Պատերազմի վետերան Բորիս Ասրյանը զինվորականի աչքերով է նկարագրում վերջին ռազմական գործողությունների ժամանակ իր տեսածը․ «Ես արդեն հոկտեմբերի սկզբին հասկացա, որ պատերազմը մեր օգտին չի գնում։ Ես 22 տարվա սպա եմ, ես լավ իմանում եմ մեր դիրքերը ու լավ հասկանում էի, որ մենք ոչ միայն կարող էինք դիմադրել Ադրբեջանին, այլև կարող էինք նաև հաղթել։ Այստեղ մեծ դեր խաղաց Թուրքիան»։