Այսօր՝ մայիսի 22-ին, մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է, նա կդառնար 98 տարեկան: Նա ծնվել է 1924թվականին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան:  

ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիեն գրել և երգել է 1000-ից ավելի երգ, իր երգերով են մեծացել ու դաստիարակվել սերունդներ իր երկու հայրենիքներում՝ Հայաստանում ու Ֆրանսիայում: Շառլի երգերը լի էին սիրով, անկեղծությամբ և մարդասիրությամբ:

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն նա հիմա էլ երգում է մեր սրտերում՝ իր հայ նախնիների, փարիզյան կաֆեշանտանների երգիչների, բոհեկաման երեկույթների, ընտանեկան ջերմ հավաքույթների և մեծ համերգային բեմահարթակների ձայնով։ Երգում է ֆրանսերենով, հայերենով, ռուսերենով, անգլերենով, իտալերենով…

«Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ» Շառլի մասին ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: