varpeti-ktakn

Վաթսունն անց կոշկակար Մեսրոպի որոշումը շատերի սրտովը չէր, հատկապես ազգականների։

Վաղուց իրենց ընտանիքները ստեղծած զավակներին, կարոտի զգացումից բացարձակապես զուրկ թոռներին, իրենից մեծ ու փոքր եղբայրներին ու քույրերին իր ապրելով նեղություն չտալու համար էր, որ վարպետ Մեսրոպը որոշեց մեռնել։

Այն, որ դա գիտակցված որոշումն էր, այլ ոչ որևէ հանկածահաս հիվանդության արդյունք, վկայում էր ազգուտակին նախապես թողած կտակը։Առավոտյան մեռլատանն էին հավաքվել վարպետ Մեսրոպի կտակում նշված բոլոր մարդիկ։

ktak

Հավաքվածները քթների տակ փսփսում էին, ենթադրություններ անում սնդուկի պարունակության մասին, թաքուն հույս փափայում, որ դրանում կոշկակարի տարիների աշխատածն է, որ կտակում իրենց մասնաբաժինն ամենախոշորն է լինելու, հիշում , չէ հորինում էին Մեսրոպին իբր արած տարբեր լավությունների մասին, իրենց կարևորությունը առանձնահատուկ ընդգծելու ակնկալիքով։ Միայն Մոսոն էր, որ ոչնչի ակնկալիք չուներ Վարպետից։ Ամաչկոտ ջահելը սենյակի ամենահեռավոր անկյունում կանգնած լուռ լաց էր լինում, ժամանակա առ ժամանակ արդեն խոնավացած վերնաշապիկի թևքով մաքրելով չդադարող արցունքները։ Վարպետ Մեսրոպից հետո Մոսոն մնացել էր առանց ընկեր, լքված, անտեր։ 

paper

Նոտարը բացեց կնքված ծրարն ու կարդաց. «Ես՝ Մեսրոպս, ձեզնից յուրաքանչյուրին կտակում եմ մեկական քար, որը խնդրում եմ գցել իմ գերեզմանափոսը։ Սրանցից յուրաքանչյուրը մեկ արցունքի կաթիլ է, որ ժամանակին յուրաքանչյուրդ պարգևել եք ինձ։

Երբ սենյակում բարեկամ, ազգական, քեռակին ու հարևաններ չէին մնացել, նոտարը գրպանից հանեց վարպետ Մեսրոպի անշուք բնակարանի ու փոքրիկ արհեստանոցի բանալիները ու դրեց Մոսոյի թաց ափի մեջ։ Իր ողջ ունեցվածքը Մեսրոպը կտակել էր տասնվեցը չբոլորած, երեսի աղվամազը բեղ ու մորուս դառնալուն անհամբեր սպասող, բակի ամենախեղճ ու ամենաամաչկոտ ջահելին՝ իր աշակերտ Մոսոյին…