armen

Մեր օրերում ոճային հագնվելու համար պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել հագուստի վրա։ Թանկ հագուստը միշտ չէ, որ երաշխավորում է ձեր ոճային տեսքն ու ընդգծում ձեր առանձնահատկությունները։

Բոլորն էլ ձգտում են երևալ ոճային, խնամված, ցանկալի, սակայն շատ հաճախ էլ չգիտակցելով, թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք աններելի են նորաձևության մեջ: Աղջիկները հաճախ են բողոքում, որ ոչինչ չունեն հագնելու: Մեծ հաշվով, դա լինում է ոչ թե հագուստի բացակայության, այլ բավարար իմացություն չունենալու պատճառով, թե օրինակ ինչպե՞ս ձևավորել ոչ հարուստ, բայց հետաքրքիր ու նորաոճ զգեստապահարան:

armen

Ոճաբան Արմեն Գալյանը ներկայացնում է ոճի և հագնվելու իր տարբերակը.

Ինչո՞վ առաջնորդվել, որպեսզի լինել և՛ ոճային,  և՛ զգալ հարմարավետ:

-Իրականում ասեմ, որ  այժմյան նորաձևությունը այնքան հարմարավետ է, ինչքան երբևէ չի եղել: Դրան նպաստել է նաև պանդեմիան. մարդիկ փակվեցին տանը և սկսեցին հագնել սպորտային հագուստ: Այժմ,  չհրաժարվելով հարմարավետությունից, այդ նույն հագուստով դուրս եկան: Չեմ կարող ասել,  որ սա ինձ շատ է դուր գալիս: Սա հաստատ այն թրենդներից է, որ տարիներ հետո, երբ հետ նայենք, թվալու է տարօրինակ, բայց այսօրվա նորաձևությունը իսկապես շատ հարմարավետ է, և դա մարդկանց համար գլխավոր պայմաններից է հագուստ գնելիս: Այսինքն՝ մարդիկ առաջին հերթին ուշադրություն են դարձնում հենց հարմարավետությանը:

armen

Այսօրվա նորաձևությունը թույլ է տալիս, որպեսզի ցանկացած իրավիճակում դու հագնվես հարմարավետ: Հարմարավետությունը դարձել է գլխավոր գործոնը: Այն իրավիճակներում,  երբ  սպորտային հագուստը կամ սպորտային տարր ունեցող հագուստը համարվում էր անթույլատրելի և անընդունելի, այժմ հակառակն է: Այնպես որ, ժամանակը  թելադրում է հարմարավետություն: Ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու այս ամենից դուրս գալ, այսինքն՝ մի քանի տարի անց, երբ այս միտումը կանցնի, շատ ավելի դժվար կլինի կրել ոչ այնքան հարմարավետ հագուստ: