Մեկնարկում է Երեւան-Անկարա երկխոսությունը․ Չավուշօղլուն Միրզոյանին արդեն «ընկեր» է կոչում

Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին ավելի քան տասը տարի առաջ՝ 2008 թվականին Երեւանում, այնուհետեւ 2009-ին՝ Բուրսայում։ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացի բավական դադարից հետո, հիմա նոր փորձ է արվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

mirzoyan

Շուրջ 30 տարի դիվանագիտական կապեր չունեցող ու փակ սահմաններով ապրող Հայաստանն ու Թուրքիան անցյալ տարի, 44-օրյա պատերազմից ամիսների անց սկսեցին բարձրաձայնել հարաբերությունների կարգավորման, տրանսպորտային ու տնտեսական կապերի վերաբացման, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու մասին։

chavushoghlu

Վերջերս հայտնի դարձավ, որ պաշտոնական Անկարան Երեւանի հետ ուղիղ բանակցելու համար բանագնաց է նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարեց ուղիղ բանակցելու համար երկուստեք բանագնացներ նշանակելու որոշման մասին: Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ, փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչի հետ հայկական կողմից բանակցելու է խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։